ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Հարստացե՛ք, պարոնայք, հարստացե՛ք»

«Հարստացե՛ք, պարոնայք, հարստացե՛ք»
18.08.2009 | 00:00

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՈՒՄ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ...
Միայն 1929-1937 թվականների ընթացքում Խորհրդային Միությունում շարք մտավ շուրջ 6 հազար խոշոր արդյունաբերական ձեռնարկություն, այսինքն` տարեկան 600-700 հատ։ Այսօր, երբ անկախության շուրջ 20 տարիների ընթացքում մեր երկրում «դարի կառույցներ» են համարվում փողոցի մի մայթից մյուսը 1,5-2 տարի տևող գետնանցումները, վերն ասվածը կարող է անհավանական թվալ։ Անցած դարի 30-ականների կեսերից մինչև 50-ական թվականների սկիզբը (բացառությամբ պատերազմի տարիների) Սիբիրի և Հեռավոր Արևելքի քարտեզի վրա գրեթե ամեն տարի հայտնվում էին մոտ 1 մլն բնակչություն ունեցող նոր բարեկարգ քաղաքներ` ապահովված բոլոր անհրաժեշտ ենթակառույցներով։ Այսօր, երբ մեր երկրում մի որևէ դպրոցի կամ մանկապարտեզի անգամ սանհանգույցի վերանորոգման համար իշխանություններն ակնկալում են դրսի օգնությունը, ասվածը կարող է հառնել որպես առասպել։ Չորս երկար ու ձիգ տարիների ընթացքում Հայրենական պատերազմի դաժանագույն փորձությանը դիմացավ նաև գյուղմթերքների արտադրության կոլտնտեսային համակարգը։ Երկրի ամենաբարեբեր տարածքները գերմանական օկուպացիոն գոտում հայտնվելու պայմաններում անգամ այդ համակարգը երիցս արդյունավետ դրսևորեց իրեն, քան գովաբանված ցարական Ռուսաստանի գյուղատնտեսությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Այսօր, երբ մեր աչքերի առջև ոչ միայն պարզապես արագորեն քայքայվում է գյուղը, այլև աստիճանաբար վերանում է բարիք արարող գյուղացու տեսակը, այդ համակարգի հանդեպ տասնամյակներ շարունակ չարախոսող «գիտունները» քար լռություն են պահպանում, իսկ գյուղացիներն իրենք կոլեկտիվ կերպով վարվող տնտեսության օրերը հիշում են որպես երանելի ժամանակներ։ 1947 թվականին Խորհրդային Միությունում վերացվեց պարենային և տնտեսական ապրանքների բաշխման քարտային համակարգը, մի բան, որը Երկրորդ համաշխարհային պատերազմում հարյուրապատիկ ավելի քիչ կորուստներ կրած, աշխարհի կեսը երեք դար շարունակ թալանած Անգլիան կարողացավ անել դրանից միայն 8 տարի անց` 1955 թվականին։ 1947 թվականից մինչև 1954 թվականն ամեն տարի (սովորաբար մարտի 1-ին) հայտարարվում էր զանգվածային սպառման ապրանքների մանրածախ գների իջեցման մասին, և այդ 7 տարիների ընթացքում մանրածախ գներն իջան 2,2 անգամ։ Այդ ընթացքում հացն էժանացավ 3 անգամ, միսը` 2,5։ Հենց այդ տարիներին խորհրդային մարդկանց գիտակցության մեջ կարծրացավ վաղվա օրվա հանդեպ ունեցած վստահության գաղափարը և այն համոզմունքը, թե կյանքը կարող է միայն լավանալ։ Այսօր պարենային ապրանքների նմանատիպ էժանացումներ կարող է ակնկալել միայն հոգեկան խնդիրներ ունեցող անձը, իսկ վաղվա օրը խոստանում է միայն մի բան` է՛լ ավելի դաժան հարվածներ։ 1949 թվականին Խորհրդային Միությունը ստեղծեց սեփական ատոմային ռումբը (ամերիկյան փորձագետների կարծիքով` դա կարող էր տեղի ունենալ ոչ շուտ, քան պատերազմից 20 տարի անց), իսկ 1953 թվականի ամռանը փորձարկեց աշխարհում առաջին ջրածնային ռումբը։ Եվ պետք չէ անտեղյակ մարդկանց ականջները լցնել այն ստով, թե Լավրենտի Բերիայի ղեկավարած կառույցին հաջողվել էր ամերիկացիներից գողանալ ատոմային ռումբի պատրաստման գաղտնիքը։ Դրա պատրաստումն անհնարին կլիներ առանց համապատասխան տեխնոլոգիական և արդյունաբերական բազայի, եթե անգամ ամերիկացիներն իրենք հոժարակամ տրամադրեին բոլոր գծագրերը։ Իսկ մեր երկրի գիտնականներին տանջում է միայն մի հարց` հի՞նգ տարի հետո կմահանա գիտությունն ամբողջությամբ, թե՞ տասը։
Թեև նման օրինակներ կարելի է շատ բերել, սակայն սահմանափակվենք այսքանով, առավել ևս, որ արդեն ասվածն էլ պարզ է դարձնում շարադրանքի ուղղվածությունը։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ խոսք անգամ լինել չի կարող հզորագույն Կարմիր կայսրության և փոքրիկ ու աղքատ Հայաստանի միջև (1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով մեզ բաժին հասած մեր պատմական հայրենիքի 1/10-ի վրա շրջում էր թևավոր դարձած դառը մի արտահայտություն` «Որպես գերեզմանոց` չափից դուրս մեծ է, որպես ապրելու վայր` չափից դուրս փոքր») համեմատությունների զուգահեռներ անցկացնելու մասին։ Խոսքը բոլորովին այլ բանի մասին է։ Ավելի կոնկրետ` իշխանությունների աչքում սեփական ժողովրդի ունեցած արժեքի մասին։ Կուզենայի ձեր ուշադրությունը, հարգելի ընթերցող, հրավիրել մի հանգամանքի վրա` իշխանություններին գովերգող գաղափարախոսների բառապաշարից իսպառ վերացել է «կոնկրետ» բառը, իսկ ներկայացվող դատողություններից` առարկայական կոնկրետ համեմատությունները։ Պատճառն ակնհայտ է. ինչքան ուզում ես խելացի արտահայտություն տուր դեմքիդ ու անուն-ազգանունիդ տակ ավելացրու տարատեսակ կոչումներ, միևնույն է, անհնարին է առանց ավարտված ապուշի կամ կատարյալ սրիկայի անուն վաստակելու պնդել, թե աստղաբաշխական գներով բնակարանների վաճառքն ավելի լավ է, քան պետության կողմից դրանց ձրի հատկացումը, թե վճարովի բժշկությունը բխում է մարդկանց շահերից, իսկ անվճարը նրանց խաբելու մի ձև էր, թե բոլոր մակարդակներում, ներառյալ պետության լավագույն բուհում, անվճար կրթություն տրամադրելը երիտասարդությանը զրկում էր ապագայից, թե երաշխավորված աշխատանքը, թեկուզ և ոչ այնքան բարձր աշխատավարձով, ինչը ողջ ժողովրդի համար ապահովում էր այսօր բացարձակ մեծամասնությանն անհասանելի կենսամակարդակ, ժողովրդին կեղեքելու մի ձև էր, թե եկամուտների ընդամենը 10-12 տոկոսը կազմող կոմունալ ծախսերը շատ ավելի դաժան ու անմարդկային էին, քան այսօր, երբ պետության կողմից, ասենք, տարեցներին սահմանված է թոշակի չափ, որը դատապարտում է նրանց ցուրտ բնակարաններում սովամահ լինելու, թե անգամ ուսանողները կարող էին իրենց մի երկու ամսվա թոշակով երկու շաբաթ հանգստանալ երկրի լավագույն ծովափերում, ինչը, իհարկե, նրանց հիմարացնելու խորամանկ մի քայլ էր, այլ բան է հիմա, երբ, ասենք, Էջմիածին գնալ-գալն ընտանեկան բյուջեի վրա անդրադառնում է այնպես, ասես շուրջերկրյա ճանապարհորդություն կատարած լինես, թե...
Ժամանակին, եթե չեմ սխալվում, ֆրանսիական հեղափոխության գործիչներից մեկը հրապարակ նետեց «Հարստացե՛ք, պարոնայք, հարստացե՛ք» կոչը, ինչը 20-ական թվականների կեսերին փորձեց կրկնել Նիկոլայ Բուխարինը։ Իոսիֆ Ստալինը խիստ դաժանորեն արմատախիլ արեց նման «հրապուրիչ» գաղափարի տարածման անգամ տեսական հնարավորությունը։ Պարզապես նա հրաշալի հասկանում էր, որ սահմանափակ ռեսուրսների պայմաններում մի «պարոնի հարստանալու» պատճառով մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր մարդիկ ուռչում են սովից։ Ինչ վերաբերում է մեր հայրենիքին, ապա մեր տնօրինած ռեսուրսները ոչ միայն պարզապես սահմանափակ են, այլև, կարելի է ասել, այդպիսիք գրեթե չկան։
Յուրաքանչյուր կոնկրետ համեմատության ժամանակ իշխանությունները (և ոչ միայն մեր երկրի) իրենց ակնկալածի տրամագծորեն հակառակ գնահատականին են բախվում, ու հենց դա է պատճառը, որ պաշտոնական քարոզչության ողջ մեքենան աշխատում է բոլոր հարցերը քննարկել անորոշ ուրվագծեր ունեցող հասկացությունների հարթության վրա։ «Դեմոկրատիա», «քաղաքացիական հասարակություն», «իրավական պետություն», «քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիք» և նմանատիպ այլ հասկացություններ ասես առատության եղջյուրից թափվում են վերջնականապես շփոթված ու վախեցած մարդկանց գլխին։ Նման հարթության վրա ցանկացած քննարկում անխուսափելիորեն վերածվում է ոչնչի չպարտավորեցնող դատարկախոսության ու շաղակրատանքի։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս հասկացությունների շրջանակներում այն ամենը, ինչը հնարավոր է, ասենք այսպես, ծառայեցնել սեփական շահերին, բյուրոկրատիան որսում է հենց օդից, իսկ այն ամենը, ինչը հնարավոր է կիրառել ի շահ ժողովրդի, «երեք հարյուր տարի է անհրաժեշտ» դրան հասնելու համար։
1988 թվականի հունիսի 16-ին գորբաչովյան խառնախմբի վերահսկողության տակ գործող պետական անվտանգության կոմիտեն գաղտնազերծեց իր արխիվները և հրատարակեց տվյալներ 1921-1940 թվականների ընթացքում տարբեր պատիժների դատապարտված անձանց վերաբերյալ` ներառյալ, այսպես կոչված, «ստալինյան ռեպրեսիաները»։ Բայց, նախքան կոնկրետ տվյալներ ներկայացնելը, մի մեջբերում կատարեմ այսօրվա Ռուսաստանի ամենահեղինակավոր վերլուծաբաններից մեկի` Սերգեյ Կարա-Մուրզայի` 2002 թվականին հրատարակված գրքերից մեկից. «Դեռևս մոտ անցյալում ստալինյան ռեպրեսիաների թեման չէր իջնում մարդկանց շուրթերից ու էկրաններից։ Բերվում էին ամենաֆանտաստիկ թվերը` գնդակահարվածների թիվը հասցնելով մինչև 100 մլն մարդու։ Ողջ աշխարհն անհամբերությամբ սպասում էր` երբ բացվեն ՊԱԿ-ի զարհուրելի արխիվները, ահա այն ժամանակ... Պահանջում էին հրապարակել ԳՈՒԼԱԳ-ին վերաբերող բոլոր տվյալները։ Բացվեցին ՊԱԿ-ի արխիվները և... համատարած անտարբերություն է։ Մարդիկ մոռացան ինչպես բուն թեման, այնպես էլ իրենց սեփական հետաքրքրությունը դրա նկատմամբ։ Դա միանգամայն հասկանալի է քաղաքական գործիչների և անգամ լրագրողների առումով. նրանք պրոֆեսիոնալներ են և անում են այն, ինչ պետք է։ Բայց չէ՞ որ միջին մտավորականը մտածում էր, թե անկեղծորեն հետևում է իր սեփական մղումներին... Բավական չէ, որ ոչ ոք չի հետաքրքրվում ՊԱԿ-ի արխիվներով ու զոհերի թվով, ուղղակի չեն ցանկանում տեսնել այն տվյալները, որ այդպես փափագում էին, և որոնք հրապարակվել են։ Ահա ամենամանրամասն տեղեկություններ ըստ տարեթվերի և կալանավորների խմբերի, որոնք 1924-ից մինչև 1989-ը գտնվել են ԽՍՀՄ ճամբարներում ու բանտերում. կարդացեք։ Ոչ մի հետաքրքրություն, հնարավոր չէ համոզել»։
Քանի որ հոդվածի սահմանները թույլ չեն տալիս ներկայացնել ողջ աղյուսակը, բերեմ միայն 1937-38 թվականների տվյալները։ 1937 թվականին դատապարտվածների ընդհանուր թիվը կազմել է 790665 մարդ, որոնցից պատժի առավելագույն չափի են դատապարտվել 353074 մարդ, ճամբարների ու բանտերի` 429311, աքսորի` 1366 մարդ։ 1938 թվականին համապատասխանաբար` 554258, 328618, 205509 և 16842 մարդ։ Այսպիսով, դժվար չէ հաշվել, որ գնդակահարվածների ընդհանուր թիվը շուրջ 682 հազար մարդ է։ Անվիճելիորեն` սոսկալի թվեր են, բայց համաձայնեք, որ «մի փոքր» պակաս են չգիտես որտեղից բերվող 10, 20, 100 մլն թվերից։ Ինչ վերաբերում է ԳՈՒԼԱԳ-ին. 1940 թվականի սկզբին այն կազմված էր 53 ճամբարից, 425 ուղղիչ-աշխատանքային գաղութից և անչափահասների համար նախատեսված 50 գաղութից, որտեղ իրենց պատիժն էր կրում 1660 հազարից մի փոքր ավելի մարդ։ Այս թվի շուրջ ես մեկնաբանություն չեմ անի, միայն կասեմ, որ այսօր միայն Ռուսաստանի Դաշնությունում 1 միլիոնից ավելի կալանավոր կա` չնայած բավական հաճախ հայտարարվող համաներումներին և շատ ավելի մեղմ Քրեական օրենսգրքին։ Չմոռանամ ասել, որ մեզ հետաքրքրող ժամանակաշրջանում դատապարտվածների ընդհանուր թվի մոտ 1/3-ը կազմում էին զուտ քրեական հանցագործությունների համար դատապարտված անձինք։
Պատմությունը գրում են հաղթողները։ Դրանով իսկ սուբյեկտիվիզմի պահը միշտ էլ ներկա է եղել այս կամ այն իրադարձության գնահատման ժամանակ։ Սակայն 20-րդ դարի 50-ական թվականներից սկսած` պատմության կեղծումն աննախադեպ թափ առավ ու աստիճանաբար հասավ կատարելության։ Ինչո՞ւ, որովհետև դա ամենակարճ ճանապարհն է, որը տանում է ամենաանառիկ ամրոցի` մարդկային գիտակցության նվաճմանն ու տնօրինմանը։
Ռուբեն ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2000

Մեկնաբանություններ